16:33
«Նիկոլափոխություն» քաղաքական օրակարգի ընթացքը

ԴԱԿ հաղորդագրությունը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարած «Նիկոլափոխություն» քաղաքական օրակարգի ընթացքի մասին

«Նիկոլափոխություն» օրակարգի ձևավորման նախապատմությունը.

1. Նկատի ունենալով, որ

ա) Հայաստանի Հանրապետության թիվ մեկ մարտահրավերն անվտանգություն խնդիրն է, որի լուծման լծակներն ամբողջովին գտնվում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ձեռքերում,

բ) Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության դարաշրջանի» մասին նախընտրական խոստումը,  որն ընտրվելուց հետո նաև դարձավ նրա կառավարության ծրագրի մի մասը և, ըստ էության, անվտանգության մարտահրավերի լուծում էր, սակայն Նիկոլ Փաշինյանը համարձակություն չէր դրսևորում գնալու երկրի առջև ծառացած կենսական մարտահրավերի լուծմանը,

ուստի.

2022 թվականի նոյեմբերի 19-ին կայացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համագումարը՝ ընդունած բանաձևում արձանագրեց.

ա) «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ներքաղաքական համատեքստի պատանդ չդարձնելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու լավագույն միջոցը՝ ԱԺ արտահերթ ընտրություններն են, որոնք կարող են հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել խաղաղության գործընթացի շուրջ: 2021թ-ի արտահերթ ընտրություններն այս խնդիրը չեն լուծել,

բ) «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը ստանձնում է ամբողջական պատասխանատվություն՝ գործող իշխանությանը մաս չկազմող ու հին համակարգի հետ չնույնացող ուժերի համախմբում իրականացնելու, իրական այլընտրանք ձևավորելու, ըստ անհրաժեշտության՝ միայնակ կամ համախոհ ուժերի հետ իշխանություն ձևավորելու հարցում»:

Այսինքն՝

Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության դարաշրջանը» կյանքի չկոչելու դեպքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խոստացավ օրակարգային դարձնել արտահերթ ընտրությունների հարցը։

2. Հետագա երկու ամիսների ընթացքում արձանագրվեց, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է տարածաշրջանում գործոն հանդիսացող շահագրգիռ պետությունների հետ բանակցելուց՝ դրանով ձախողելով իր իսկ հռչակած «Խաղաղության օրակարգը», ինչը հղի է նոր պատերազմի սանձազերծման վտանգով, որի ռեսուրը Հայաստանը դեռևս չունի, ուստի.

ա) 2023 թվականի հունվարի 26-ին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝

  • հիմք ընդունելով, որ «Խաղաղության» օրակարգի վիժեցումը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի անձով, ուստի, Հայաստանի Հանրապետության անվտանգություն խնդրի լուծմանն ուղղած որպես առաջին քայլ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկեց քննարկել Նիկոլ Փաշինյանի փոփոխման հարցը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում սատարել ՔՊ-ին այդ գործընթացում՝ որոշման համար վերջնաժամկետ սահմանելով ս/թ փետրվարի 20-ը։

3. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհուրդը ս/թ փետրվարի 20-ին հանդես եկավ «Նիկոլափոխություն» կարգախոսով քաղաքական գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ՝ միաժամանակ որոշում կայացրեց ստեղծել 2 գործադիր կառույց՝ միացյալ շտաբ և քաղաքական կոմիտե՝ «Պետականություն» անվամբ։

4. Փետրվարի 20-ից մարտի 22-ը ընկած ժամանակահատվածում ստեղծվել է «Պետականություն» անվամբ միացյալ շտաբ, որի աշխատանքների համակարգումը հանձնարարվել է ԴԱԿ քաղխորհրդի անդամ Ա.Գևորգյանին։ Շտաբի գործունեության շրջանակներում ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, ձևավորվում են համայնքային խմբեր, կազմակերպվում են փոքրակազմ քարոզչական հանդիպումներ, ի մի է բերվում ռեսուրսային ներուժը։

5. Մարտի 22-ին տեղի է ունեցել ԴԱԿ քաղխորհրդի նիստ, որտեղ կայացվել են մի շարք որոշումներ.

ՈՐՈՇՈՒՄ 1. ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» անվամբ կոմիտեի ձևավորումը։

ՈՐՈՇՈՒՄ 2. Համաձայնություն է կայացվել ստվերային կառավարություն կազմելու սկզբունքների շուրջ, ըստ այդմ որոշվել է.

ա) սահմանել Հայաստանի Հանրապետության զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագիր,

բ) քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցության հիմք ընդունել 1991-1998, 1998-2008, 2008-2018, 2018-2023 թթ ժամանակահատվածների քաղաքական գնահատականների ընդհանրությունը,

գ) հանրային քննարկման ներկայացնել ապագա կառավարության ՀՀ ռազմավարական զարգացման ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ վերջին 30 տարիների ընթացքում մշակված, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գզրոցներում մնացած կամ մերժված ծրագրերը,
դ) յուրաքանչյուր ոլորտի ծրագիրն իրականացնող ապագա պաշտոնյային որոշել  մրցակցային սկզբունքով,
ե) համաձայն ՀՀ զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագրի, վարչապետի թեկնածուի համար սահմանել 100-օրյա հակաճգնաժամային գործողությունների փաթեթ,
զ) վարչապետի թեկնածու առաջադրել երկամյա միջնաժամկետ ծրագրի իրականացումն ստանձնող և դրա շուրջ քաղաքական, հանրային համախմբում ապահովող գործչին։

ՈՐՈՇՈՒՄ 3. Կուսակցության ակտիվին նախապատրաստել 2023 թվականի աշնանը Երևանի ավագանու ընտրություններին։

22 մարտ 2023 թ., ք. Երևան

ԾԱՆՈՒՑՈՒՄ 1. ԴԱԿ հաղորդագրություններին կարող եք հետևել daparm.am՝ կուսակցության պաշտոնկան կայքում։

ԾԱՆՈՒՑՈՒՄ 2. ԴԱԿ ինֆորմացիոն հովանավորներն են politcom.am և armenlur.am կայքերը, ինչպես նաև AysorTV յութուբյան ալիքը։

Բաժին: Հայտարարություններ | Դիտումներ՝ 66 | Թողարկեց՝ armenlur | Վարկանիշ՝ 0.0/0
Արձագանքներ՝ 0